Վերջապես: Չէր ուզում, իհարկե, բայց այլևս դիմադրության տարբերակ չկար: Ժամանակ չի մնում: Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդմնակալությամբ ստանձնեց քաղաքապետի պաշտոնը: Երրորդ անգամ: Հիշեք այդ փաստը՝ երրորդ: Նախագահի ու Վեհափառի ներկայությամբ: ՀՀ ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե հուզիչ ելույթ ունեցավ, որ նրան հաճախ չի պատահում: Հուզիչ ու խորհրդանշական: Շնորհավորեց բոլորին: Իսկ բոլորը երկուսն էին՝ ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները, «Երկիր ծիրանին» անկարևոր էր համարել արարողությունը: Հիշեցրեց, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է ու հայրենիքի խորհրդանիշը ամբողջ աշխարհով սփռված հայերի համար: Ընտրություններից հետո նա առաջին անգամ, տարվա կեսին ամփոփեց տարին: 2017-ի ընտրական շրջանը: Ասաց՝ «Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը» ու անմիջապես անցավ 2018-ին, որ խորհրդանշական տարի է՝ համայն հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը և Երևանի 2800-ամյակը: Դա բացահայտ ծաղր էր բոլոր նրանց, որ 2018-ի ապրիլից այս ու այն կողմ ոչինչ չեն հիշում:
Երևանի խնդիրները հպանցիկ շարելով քաղաքապետի ու ավագանու առաջ՝ նախագահը ասաց. «Տարոն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: ՈՒղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը»:
Թարգմանաբար հասկացեք՝ 2018-ին եթե ոչ ես, ահա իմ իրավահաջորդը, ում ղեկավարելու եմ էլի ես: Կձգի՞ Տարոն Մարգարյանը: Ի՞նչ կարևոր է: Հիմա մինչև 2018-ի ապրիլ Տարոն Մարգարյանի անունը շրջանառվելու է իրավահաջորդների ցանկում ու այդ փաստը Կարեն Կարապետյանին մղում է դեպի քաղաքականություն, որտեղ կարող է և սխալներ անել: Խաղադրույքը սխալի վրա է՝ ով առաջինը և մեծ սխալը կանի: Սերժ Սարգսյանի ելույթը Կարեն Կարապետյանը հասկացավ բոլոր ենթատեքստերով ու անմիջապես արձագանքեց՝ առաջին անգամ այս ամբողջ ընթացքում ասաց, որ հրաժարականի դիմում ներկայացնելու մտադրություն չունի: Ի՞նչ հարաբերություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ լրագրողների հարցին, պատասխանեց. «Շատ լավ, աշխատանքային, հարգալից, գործնական»: Այսինքն՝ հարաբերությունները գտնվում են աշխատանքային-գործնական ու հարգալիցի սահմաններում: Ոչ ավելին: Հետո նրան լրագրողները խաչաձև հարցեր էին տալիս Տարոն Մարգարյանի միլիոնների ու իր ծրագրերի մասին, բոլոր հարցերի պատասխաններն անխոցելի էին ու խոսուն: Դա վիրտուոզ մակարդակ էր, որով վարչապետը հաստատեց, որ ինքն էլ կարող է ոչինչ չասելով ամեն ինչ ասել ու այնպես չէ, որ եթե լռում է՝ ասելիք չկա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իհարկե, քաղաքական գործիչները, լրագրողները հատկապես՝ թեման շարունակելու են: Առավել ևս՝ հաջորդ երկուշաբթի ԱԺ է ներկայացվելու կառավարության ծրագիրը, իսկ հետո սկսվում է ամառային մանրաթեմայնությունը, երբ կատվի մուկ բռնելն էլ կարևորվում է, մանավանդ եթե կատուն սև է ու մութ սենյակում, իսկ մուկը դեռ չի ծնվել: Չգիտես ինչու՝ բոլորին թվում է, որ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պարտավոր են բոբիկանալ իրենց առաջ մինչև հոգու խորքը ու սեղանին շարել բոլոր խաղաքարտերը: Լրագրողները տալիս են հարցեր, որոնց պատասխանները գիտեն ու պարտադիր ուզում են լսել հենց իրենց իմացած պատասխանը, իսկ հարցին պատասխանողը նույնքան ազատ է ասել իր ցանկացածը: ՈՒստի մինչև 2018-ը հույս չունենաք ոչ ուղղակի, ոչ խաչաձև հարցերին ստանալ ձեր ակնկալած պատասխանը, նույնիսկ եթե այդ պատասխանն ակնհայտ է: Չի ասվելու ոչինչ, իշխանության բարձրագույն մակարդակում որոշումներն ընդունվում են առանց աղմուկի ու հարցուպատասխանի: Համենայն դեպս՝ ոչ այն մեխանիզմով ու ոչ այնպես, ինչպես ընդունված է համարել: Վերջապես՝ ամիսներ առաջ ընդունված որոշումը վերջին պահին կարող է փոխվել՝ իրավիճակի թելադրանքով: Երեկ Սերժ Սարգսյանը խաղադաշտ մտցրեց երրորդ խաղացողին ու դա կարող է մարտավարական քայլ լինել՝ ուշադրությունը շեղելու թե իրենից, թե Կարեն Կարապետյանից, ում վարկանիշը ամպերին էին հասցրել, իսկ հիմա, պարզվեց՝ Տարոն Մարգարյանը Երևանում ամենաբարձր վարկանիշն ունի: Զիգզագները ձգձգում են խաղը, բայց չեն բացատրում: Խաբսերով, արգելված հնարքներով խաղը նույն նպատակն ունի՝ հաղթել: Կարեն Կարապետյանը մտավ քաղաքականություն ու սպասեք նրա քայլերին: Վերջապես: